Հիպերտոնիկ հիվանդություն. առաջացման պատճառները, ախտանշանները, բուժումը. ներկայացնում է սրտաբանը

26 հուլիսի 2022 թ.

Հիպերտոնիկ հիվանդությունը քրոնիկական ընթացքով հիվանդություն է, որը դրսևորվում է զարկերակային ճնշման կայուն բաձրացմամբ (սիստոլիկ զարկերակային ճնշումը 140 մմ ս.ս.-ից ավել, դիաստոլիկը՝ 90 մմ ս.ս.-ից ավել)։ Ամբողջ աշխարհում հիպերտոնիկ հիվանդության տարածվածությունը կազմում է 30-ից 45 տոկոս, ընդ որում այս ցուցանիշը կախված չէ երկրների սոցիալական վիճակից, զարգացվածությունց, Aysor.am-ի հետ զրույցում ասում է «Նորմեդ» բժշկական կենտրոնի սրտաբան Աննա Գալստյանը։

Հիպերտոնիկ հիվանդությունը կարող է ընթանալ ինչպես ասիմպտոմ (չդրսևորվելով որևէ գանգատով, հայտնաբերվելով պատահական, օբյեկտիվ զննումների արդյունքում), այնպես էլ սիմպտոմատիկ. դրսևորվում է ոչ սպեցիֆիկ գանգատներով՝

  • գլխացավ
  • գլխապտույտ
  • սրտխառնոց
  • փսխում
  • հևոց
  • ցավ կրծքավանդակում,
  • քթային արյունահոսություն  և այլն։

Ասիմպտոմ հիպերտոնիայի դեպքում ինսուլտի, ինֆարկտի առաջացման հավանականությունն առավել մեծ է, քանի որ գանգատներ չլինելու պատճառով հայտնաբերվում է առավել ուշ փուլերում։ Վաղ հայտնաբերման համար կարևոր է պարբերաբար օբյեկտիվ զննումներ անցնելը, զարկերակային ճնշման չափումներ կատարելը։

Հիպերտոնիկ հիվանդության առաջացման պատճառները դեռևս ամբողջովին բացահայտված չեն,և հենց դրանով է, որ հիպերտոնիկ հիվանդությունը տարբերվում է երկրորդային՝ սիմպտոմատիկ զարկերակային հիպերտենզիայից. երկրորդայինի դեպքում կան այլ օրգան-համակարգերի՝ էնդոկրին, երիկամային, անոթային, կենտրոնական նյարդային համակարգի  հիվանդություններ։

Նպաստող գործոնները երկու տեսակի են՝ մոդիֆիկացվող կամ փոփոխվող և չմոդիֆիկացվող՝ կամ անփոփոխ գործոններ։ Մոդիֆիկացվող գործոններն են՝

  • հիպոդինամիա
  • ալկոհոլի, ծխախոտի օգտագործում
  • հավելյալ քաշ
  • ճարպակալում
  • կերակրի աղի մեծ քանակի օգտագործում (օրական 5 գրամից ավել)
  • սթրես

Սեռը, տարիքը, ժառանգական նախատրմադրվածությունը չմոդիֆիկացվող գործոններ են։ 25-ից 60 տարեկանում հիպերտոնիկ հիվանդության առաջացման հավանականությունը մեծ է տղամարդկանց դեպքում, իսկ դաշտանադադարից հետո կանանց մոտ է մեծանում հավանականությունը, 60 տարեկանից հետո կանանց և տղամարդկանց դեպքում հիպերտոնիայի առաջացման տոկոսային հարաբերությունը գրեթե հավասարվում է։

Հիվանդության կանխարգելում ենթադրում է ներազդեցություն մոդիֆիկացվող գործոններին՝ ալկոհոլի սահմանափակում, ծխախոտից հրաժարում, ֆիզիկական բավարար ակտիվություն, բալանսավորված սննդակարգ, ճարպոտ, յուղոտ մսի, նաև աղի սահմանափակում։    

Հիվանդության բուժումը ենթադրում է հակահիպերտենզիվ դեղամիջոցների կանոնավոր օգտագործում՝ զուգակցված կենսակերպի փոփոխությամբ։

Սիստոլիկ զարկերակային ճնշման բարձրացումը 130-139 մմ ս.ս.-ը  համարվում է բարձր նորմալ ճնշում, այս դեպքում կարելի է առանց հակահիպերտենզիվների, միայն կենսակերպի փոփոխությամբ հասնել թիրախային ցուցանիշի, մինչդեռ 140 և բարձրի դեպքում անպայման պետք է սկսել հակահիպերտենզիվ պրեպարատների նշանակումը զուգակցված կենսակերպի փոփոխության հետ։ Դեղորայքի փոփոխությունը անհատական է, հնարավոր է տարիներով օգտագործել որևէ դեղամիջոց և կարիք չառաջանա փոխելու, բայց խիստ  կարևոր է զարկերակային մշտական մոնիթորինգը՝ դեղաչափի կամ դեղորայքի խմբի փոփոխության համար։

Երիտասարդների դեպքում հիպերտոնիկ հիվանդության առաջացման առաջնային ռիսկի գործոն է համարվում ժառանգական նախատրամադրվածությունը, եթե գենետիկայում կա  հիպերտենզիա, առավել երիտասարդ տարիքում հիվանդության առաջացման հավանականությունը մեծանում է 20 տոկոսով։

Այնուամենայնիվ, եթե հիպերտենզիան դրսևորվում է երիտասարդ տարիքում, պետք է փորձել ժխտել երկրորդային  սիմպտոմատիկ հիպերտենզիայի բերող մի շարք հիվանդություններ։   

Սրտաբան Աննա Գալստյանը հիշեցնում է՝  հիպերտոնիկ հիվանդության բուժումը համարվում է առաջնային կանխարգելում սիրտանոթային, երիկամային  հիվանդությունների համար, որը նվազեցնում է մահացության հավանականությունը։